Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Անհասկանալի է ու դատապարտելի

Անհասկանալի է ու դատապարտելի
10.06.2016 | 08:22

Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի աղմկահարույց նամակը, ուղղված Թուրքիայի նախագահ Էրդողանին, ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն ՌՈՒԲԵՆ ՍԱՖՐԱՍՏՅԱՆԻ բնորոշմամբ` անհասկանալի է ու դատապարտելի. «Պարզ է, որ պարտադրված քայլ էր, բայց նա իր մեջ պետք է ուժ գտներ գոնե լռելու: Մենք ունենք ուրիշ օրինակներ, երբ հայ պատրիարքները Թուրքիայում կարողացել են նման առավել մեծ ճնշումների պայմաններում իրենց հեղինակությունը գետնով չտալ, օրինակ, Շնորհք Գալուստյանը, ով, չնայած պետական ճնշմանը, երբ խոսքն ազգային խնդիրներին էր վերաբերում, կարողանում էր գոնե լռել»:


Գուցե ոչ թե պարտադրված, այլ համաձայնեցվա՞ծ քայլ էր: Աթեշյանը պաշտոնը երկարաձգելու խնդիր ունի, ազգասիրությամբ էլ աչքի չի ընկնում: Մեր այս դիտարկմանն անդրադառնալով՝ Ռուբեն Սաֆրաստյանն ասաց, որ չի ուզում անձնավորել, մանավանդ որ անձամբ չի ճանաչում փոխանորդին: «Ի՞նչ խնդիր էր լուծում Էրդողանն այս նամակով, սա միջազգային հանրությանն ուղղված հաղորդագրությո՞ւն էր» հարցին ի պատասխան ասաց, որ դա Թուրքիայի սովորական գործելակերպն է: Նման դեպքերում թուրքական իշխանությունները պարտադրում են, որ հայ համայնքի կարևոր ներկայացուցիչները այնպիսի հայտարարություններ անեն, որոնք պաշտպանում են թուրքական պաշտոնական մոտեցումը: Արևելագետը նշեց, որ Թուրքիայում կա վախի մթնոլորտ, բայց վերջին շրջանում ազատ արտահայտվելու հնարավորություններն ավելի են մեծացել:

«Դա, իհարկե, առաջին հերթին կապված է Հրանտ Դինքի դիրքորոշման հետ, ով չէր վախենում ձայն բարձրացնելուց, բայց մենք տեսանք, թե նրա հետ ինչ տեղի ունեցավ: Թուրքական պետության ամենածայրահեղ շրջանակները որոշեցին նրան ֆիզիկապես ոչնչացնել, լռեցնել` ոչնչացնելով: Վախի մթնոլորտը միշտ կա: Սա Թուրքիայի սովորական գործելակերպն է, միշտ եղել է, կա ու դեռ կլինի»:


Նկատեցինք, որ փոխանորդն իր ազգադավ հայտարարություններն արել է հայ համայնքի անունից, ինչն ավելի է սրում պատկերը: «Այո, բայց մենք ունենք նաև «Ակօս» շաբաթաթերթի օրինակը,- ասաց Ռուբեն Սաֆրաստյանը:- Պետք է գնահատենք այն, որ համայնքի, կամ համայնքի մի հատվածի ձայնը հանդիսացող թերթը կարողացավ հստակ գնահատական տալ Աթեշյանին: Դա պետք է անպայման բարձր գնահատել»: «Մեր կողմից պե՞տք է արձագանք լինի» հարցն առաջարկեց ուղղել արտգործնախարարությանը:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2378

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ